ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Պատանիները` գրոսմայստերների խորհրդատու

Պատանիները` գրոսմայստերների խորհրդատու
14.08.2009 | 00:00

ՋԵՐՄՈՒԿԻ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
Ջերմուկում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Մեծ մրցանակի» 5-րդ մրցաշարը: Հիշեցնենք, որ 14 գրոսմայստերներ շրջանային մրցակարգով վիճարկում են խաղարկվող միավորները, որոնց հանրագումարով, վեց մրցաշարերի արդյունքով, երկու լավագույններն իրավունք կստանան հետագայում պայքարելու աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:
Հայաստանի շախմատի ֆեդերացիան հանդես է եկել շատ լավ նախաձեռնությամբ. ամբողջ մրցաշարի ընթացքում Ջերմուկում են Հայաստանի տարբեր տարիքային խմբերի չեմպիոնները, որոնք ուշադիր հետևում են աշխարհի ուժեղագույն շախմատիստների ելույթներին և, անկասկած, կատարելագործում են իրենց վարպետությունը: Լուսանկարում հենց նրանք են` իրենց կուռք Լևոն Արոնյանի հետ. կանգնած են Հայաստանի մինչև 14 տարեկանների չեմպիոն Հովիկ Ղաբուզյանը, մինչև 16 տարեկանների չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, նստած են մինչև 20 տարեկանների չեմպիոնուհի Աննա Հայրապետյանը և մինչև 10 տարեկանների չեմպիոն Արման Հարությունյանը: Նրանք Ջերմուկում են իրենց մարզչի` ԽՍՀՄ սպորտի վարպետ, վաստակավոր մարզիչ Վլադիմիր Հայրապետյանի հետ: Մեր չեմպիոններն ակտիվորեն մասնակցում են խաղափուլերից հետո անցկացվող մամուլի ասուլիսներին, իրենց տարբերակներն են առաջարկում գրոսմայստերներին, և վերջիններս հաճախ համակարծիք են լինում իրենց պատանի արվեստակիցներին:
Անդրադառնանք մրցաշարին: Երրորդ խաղափուլն անցավ համեմատաբար խաղաղ պայքարում. միայն մեկ պարտիա արդյունավետ ելք ունեցավ: Ռուսաստանցի Եվգենի Ալեքսեևը, որը նախորդ տուրում զիջել էր Լևոն Արոնյանին, առավելության հասավ իր հայրենակից Էռնեստո Ինարկիևի նկատմամբ: Չեպարինով-Արոնյան, Կամսկի-Հակոբյան, Իվանչուկ-Լեկո, Կասիմջանով- Յակովենկո, Գելֆանդ-Բաքրո և Էլյանով-Կարյակին հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքի:
Հաջորդ օրն արդեն «արյունալի էր»: ՈՒկրաինացի Վասիլի Իվանչուկը տոնեց իր առաջին հաղթանակը. նրա մրցակիցը նույն Ալեքսեևն էր: Հունգարացի Պետեր Լեկոն հաղթեց դեռևս ՈՒկրաինան ներկայացնող Սերգեյ Կարյակինին (օրերս նա ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն և հոկտեմբերից հանդես է գալու Ռուսաստանի դրոշի ներքո): Գեղեցիկ հաղթանակ տոնեց Լևոն Արոնյանը: Հենց խաղասկզբում` 5-րդ քայլում, նա նորույթ կիրառեց ամերիկացի Գատա Կամսկու հետ պարտիայում և արագորեն ստացավ մեծ առավելություն: Կամսկին չկարողացավ գտնել հակախաղ և 41-րդ քայլում ստիպված էր կանգնեցնել ժամացույցը: Տուրի մյուս պարտիաները` Հակոբյան-Կասիմջանով, Ինարկիև-Չեպարինով, Յակովենկո-Գելֆանդ և Բաքրո-Էլյանով, ավարտվեցին ոչ-ոքի:
Երեկ կայացավ հինգերորդ խաղափուլը: Օրը չափազանց անհաջող էր հայ շախմատիստների համար: Լևոն Արոնյանը սևերով մրցեց ուզբեկ Ռուստամ Կասիմջանովի հետ: Վերջինս 19-րդ քայլում նորույթ կիրառեց` ստանալով դիրքային առավելություն, սակայն, թեև Արոնյանը որակ էր զոհաբերել, դիրքը մոտավորապես հավասար էր: Լևոնի համար ճակատագրական եղավ 30-րդ քայլը. նա վրիպեց, և ուզբեկ գրոսմայստերը ստացավ մեծ առավելություն ու հաղթանակը ձեռքից բաց չթողեց: Վլադիմիր Հակոբյանն էլ զիջեց իսրայելցի Բորիս Գելֆանդին: Միջնախաղում սպիտակները ստացան դիրքային առավելություն և, օգտվելով Վլադիմիրի մի քանի ոչ ճիշտ քայլերից, պարտիան հասցրին հաղթական ավարտին: Սրանք Արոնյանի և Հակոբյանի առաջին պարտություններն էին այս մրցաշարում: Վասիլի Իվանչուկը սևերով հաղթեց Իվան Չեպարինովին, Սերգեյ Կարյակինը` սպիտակներով Էթիեն Բաքրոյին, Գատա Կամսկին` սպիտակներով Էռնեստո Ինարկիևին: Ոչ-ոքի ավարտվեցին Էլյանով-Յակովենկո և Ալեքսեև-Լեկո պարտիաները: Հինգերորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3,5-ական միավորով գլխավորում են Լեկոն և Իվանչուկը: Արոնյանը, Գելֆանդը և Կասիմջանովը 3-ական միավորով բաժանում են 3-5-րդ տեղերը: Վլադիմիր Հակոբյանն ունի 2 միավոր:
Այսօր մրցաշարում հանգստյան օր է: Վաղը մեր շախմատիստները կխաղան սպիտակներով. Արոնյանը կմրցի Տիգրան Պետրոսյանի աշակերտ Բորիս Գելֆանդի, իսկ Հակոբյանը` ուկրաինացի Պավել Էլյանովի հետ:
Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3140

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ